Վահագն վիշապաքաղ

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով1»: Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը: Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնումէր և ծովը ծիրանի2,

Երկունքը բռնել էր ծովում Նաև կարմրիկ եղեգնիկին:

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում Մի խարտյաք պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,

Նա հուր4 մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածՆերի և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթ։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստ­վածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։

1        Երկնել — ծնել, ստեղծել:2        Ծիրանի — ծիրանագույն, ոսկեգույն:

3        Խարտյաշ — շիկահեր։

4        Հուր — կրակ։

Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ աստծուց հարդ է գողանում’ Հայոց երկրի անասուններին կերակրելու համար: Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է’ առաջացնելով սպի­տակ հետք’ «Հարդագողի ճանապարհ»: Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ: Հին հունական դիցաբանության մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ:

 

Արամ, Արա Գեղեցիկ

Մենք արդեն գիտենք, որ հայ հնագույն առասպելների զգալի մասը մեզ է հասցրել Մովսես Խորենացին: Պատմահայրը հատկա­պես շատ է հավանել այն առասպելները, որտեղ ներկայացված են հայոց հերոսական անցյալի դեմքերը և նրանց քաջագործություն­ները: Դրանցից են Արամի մասին պատմությունները: Պատմա­հայրը, խոսելով Արամի մասին, գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմնե­րում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը ինչպես հույները’ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները’ Արմենիկ»:

Արամը Խորենացու սիրելի հերոսներից է. նա քաջ է, հայրենասեր: Արամը հայրենիքի համար մեռնելը գերադասում էր հայրենի երկրի ստրկությունը տեսնելուց:

Պաշտպանել, շենացնել երկիրը, իսկ եթե անհրաժեշտ է, նաև կյանքը զոհել հանուն հայրենիքի. ահա այն գաղափարները, որոնք յուրաքան­չյուր հայ մարդու համար սրբազան պետք է լինեն:

Արամից հետո «հայրենիքի խնա­մակալ» է դառնում նրա որդին’ Արան: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ասորեստանում թագավորում էր Նինոսը: Վերջինիս մահից հետո Ասորեստանը սկսում է կառավարել նրա կինը’ Շամիրամը, որը հայտնի էր որպես խորամանկ կին: Շամիրամը նենգ նպատակներ ուներ Հայաս­տանի և Արայի նկատմամբ:

Իր գեղեցկության պատճառով Արան ձեռք էր բերել Գեղեցիկ մականունը: Այդ գեղեցկությունը գրավել էր նաև Շամիրամին: Նա սիրահարվում է և որոշում նվաճել Արային ու նրա երկիրը’ Հայաստանը:

Շամիրամը բազմաթիվ խարդախություններ է բանեցնում, սակայն Արան չի գայթակղվում: Նա հավատարիմ է մնում իր հայրենիքին և ընտանիքին: Այդ ամենի համար, սակայն, հատուցում է սեփական կյանքով:

..Շամիրամը, սաստիկ չարանալով, …առնում է իր զորքի բազմությունը և շտապում գնալ հասնել Հայոց երկիրը’ Արայի վրա. բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկության կամքը կատարե, որովհետև… նա սիրահարվել էր… Փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվեց Այրարատ:

Ճակատը պատրաստելիս նա իր զորապետներին պատվեր է տալիս ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ, Շամիրամի կտրիճներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ էր Վահագնը, ինչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց:
  2. Ո՞վ էր Արամը, ինչպե՞ս է նրան նկարագրում Խորենացին:
  3. Ովքե՞ր են Խորենացու սիրելի հերոսները:
  4. Ի՞նչ պատմություն է պատմում Խորենացին Արայի և Շամի- րամի մասին:
  5. Նկարագրե՞ք Արային և Շամիրամին մակդիրների օգնու­թյամբ. օրինակ’

Արա — բարի, ազնիվ, քաջ…

Շամիրամ — չար, խորամանկ.